div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

22.06.2016

ԵՐԵԿՈՅԱՆ ԱՆՈՒՐՋՆԵՐ



Երեկո էր...
Ամենօրյա երեկոների նման գեղեցիկ երեկո... 
Ես սովորականի նման պատուհանից դուրս էի նայում ու  ըմբոշխնում էի մայրամուտը, հիանում երկնքի գեղեցիկ կարմիրով, իսկ բակում խաղացող փոքրիկների աղմուկը օգնում էր ինձ զգալ կյանքի այն երջանիկ ակնթարթը, որը կարծես խառնվելով մայրամուտի գեղեցիկ տեսարանի հետ, ստիպում էր անդադար երազել...

Սակայն, իմ մտքերը պարուրված էին այլ երազներով... Երազներ, որոնք ծնվել էին քեզ հետ և պարուրելով իմ հոգին, ինձ սովորեցրել էին ճախրել. Ճախրել մտովի և ընկղմվելով երազների ծովում, խորասուզվել քո աչքերի անհունում. աչքեր, որտեղ ամեն բան այնքան կատարյալ էր, որ ինձ թվում էր ես հայտնվել եմ տիեզերական անծայրածիր օվկիանոսում... Օվկիանոս, որտեղ դեռևս ոչ-ոք չի եղել, և որը ամբողջությամբ պարուրված է գաղտնիքներով, գեղեցկությամբ և ուր որ է ես պետք է այնտեղ գտնեմ մի այնպիսի գաղտնարան, որը ինձ կստիպի ժպտալ ամբողջ աշխարհին...
Սակայն, կար մի բան, որ ես մոռացել էի. Ես վաղուց գտել էի այդ գաղտնարանը: Քո աչքերում ես ինձ էի գտել, կարծես հաելուն նայելիս լինեի, երբ նայում էի քո աչքերին... Նրանք այնքան պարզ ու գեղեցիկ արտացոլում էին իմ պատկերը, որ ինձ թվում էր, թե քո աչքերի ներսից ինձ իմ նմանակն է նայում... Սակայն այդ ամենը քո աչքերն էին, պարուրված գեղեցիկով, սիրով ու երազանքներով... 
Քո աչքերում ես ինձ էի գտել, և հիացմունքով էի նայում ինքս ինձ, սակայն քո աչքերով... Եվ գիտես, ես իրոք հիացած էի այն տեսարանով, որը թաքնված էր աչքերիդ խորքում. մի այնպիսի տիեզերական գեղեցկություն, որը հասու չէ ոչ-ոքի: 
Ես մինչև հիմա զարմանում եմ, թե ինչպես է ինձ հաջողվել այդքան մոտենալ քո տիեզերքին: Ի՞նչ ուժով, կամ ի՞նչ զորությամբ ինձ հաջողվեց հասնել այդքա՜ն հեռուն... Հասնել անհասին...
Ինչքա՜ն նման են  քո տիեզերքն ու այս երկնային կարմիրը, որքան գեղեցիկ են նրանք և որքան ապշեցնող, որքան հմայիչ են նրանք և որքան խենթացնող, որ իմ մտքում խոսքերը սակավություն են անում նկարագրելու այդ ամենը:
Քո անիրական աչքերը, որոնք կարծես ինձ կտրած լինեն իմ իրականությունից, և ես ապրում եմ հիմա միայն քո իրականությունում, ավելի ճիշտ այն իրականությունում, որը թաքնված է քո աչքերում:
Իրականություն, որը պարուրված է օվկիանոսի ալիքների նվագած նուրբ մեղեդիով, իսկ այդ օվկիանոսը լցված է միայն քո սիրով ու քո ջերմությամբ: Ինչպես հիմա այս երկինքն է լցված սիրով ու ջերմությամբ... Արևի խենթացնող գեղեցկությունը պարուրել է ամբողջ աշխարհը, ինչպես որ քո սերն ու ջերմությունն են պարուրել իմ ամբողջ աշխարհը: 
Եվ այս գեղեցիկ երեկոյան երկնքի ներքո ես ինձ բռնացնում եմ ժպտալիս... Ես ժպտում էի նայելով մայրամուտին, իսկ ինձ թվում էր ես նայում եմ քո գեղեցիկ աչքերին, որոնք ի պատասխան ժպտում էին ինձ՝ իրենց երկնային փայլով նուրբ շոյելով նուրբ կոպերս, որոնք ասես չդիմանալով քո նուրբ գեղեցկությանը, կամաց-կամաց փակվում էին ինձ ուղեկցելով երազների այն գեղեցիկ աշխարհը, որտեղ կրկին միայն դու ես ինձ սպասում... 

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար